National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.11.2008
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ազգային ժողովում

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպմանը ներկա էին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, հանձնակատարի օգնական Բոյանա Ուրումովան եւ պաշտոնական այլ անձինք:

Ողջունելով պարոն Համարբերգի այցը Հայաստան` Աժ նախագահը գոհունակություն հայտնեց հանձնակատարի եւ իր գրասենյակի հետ  ծավալվող  արդյունավետ համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը վստահեցրեց, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ իշխանությունները բոլոր խոչընդոտները հաղթահարելու քաղաքական կամք ու ցանկություն ունեն: Նշվեց, որ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի առաջարկների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերից էր ՀՀ նախագահի հրամանագրով փաստահավաք խմբի ստեղծումը: Մարտյան դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված Աժ ժամանակավոր հանձնաժողովի հետ հանդիպելուց հետո պարոն Աբրահամյանը նախատեսում է հանդիպել նաեւ փաստահավաք խմբի անդամներին` նպատակ ունենալով աջակցել նրանց գործունեությանը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, որ արդեն մի քանի հանդիպումներ է ունեցել, այդ թվում նաեւ փաստահավաք խմբի անդամների հետ, նշեց, որ խմբի ստեղծումը սպասված ու դրական քայլ է: Նա կարեւորում է փաստահավաք խմբի գործունեության հաջողությունը ու չքաղաքականացումը եւ գտնում է, որ կան բոլոր նախադրյալները` խմբում քաղաքական ուժերը հավասարակշռված են ներկայացված, անդամներն իրավաբաններ են եւ իրենց եզրակացությունը առանց միջնորդության հրապարակելու լիազորություն ունեն: Նրանց հաջողության փորձաքարը, ըստ պարոն Համարբերգի, լինելու է մարտյան դեպքերի հաջորդականության ու ժամանակագրության ճշգրիտ վերհանումը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորում է փաստահավաք խմբի հետ համագործակցելու պետական կառույցների պատրաստակամությունը, քանի որ կարող են ժամանակավոր հանձնաժողովի հարցումները կրկնող հարցումներ արվել: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի համագործակցությունը եւս պարոն Համարբերգը կարեւոր է համարում: Խմբի հետ նրա հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել եւ Ազգային ժողովի շենքում տեղակայվածության խնդրին, որը կարող է դժվարություններ առաջացնել անանուն տեղեկատվության ստացման հարցում, սակայն պարոն Համարբերգը գտնում է, որ այդ հարցը պետք չէ ուռճացնել եւ նման հանդիպումները հնարավոր է ԱԺ-ից դուրս կազմակերպել: Պարոն Համարբերգը անդրադարձավ նաեւ բանտարկյալների ու դատավարությունների ընթացքի հարցերին, մասնավորապես 7-ի գործով հետաքննության 41 հատորների առկայությամբ նա մտահոգություն հայտնեց, որ օբյեկտիվ պատճառներով դատաքննությունը կարող է ձգձգվել, եւ, եթե լինելու է համաներման կամ ներման որոշում, այն կարող է եւ դատավարությունից առաջ կիրառվել, որը նաեւ հասարակական լարվածության նվազմանը կնպաստի:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս փաստահավաք խմբի տեղակայվածության վայրի փոփոխության հիմնավոր պատճառներ չի տեսնում. աշխատասենյակի խնդիրներ Ազգային ժողովում էլ կան, բայց ելնելով հարցի կարեւորությունից` խմբին տրամադրվել են Աժ աշխատակիցների աշխատասենյակները:  Նրա գնահատականով` կարեւորը խմբի գործունեության հաջողությունն է: Պարոն Աբրահամյանը կիսում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մտահոգությունը, որ դատաքննությունը կարող է երկարաձգվել` քանի որ փաստաբանները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ գործին, այնուհանդերձ դեկտեմբերի 1-ը այդ նպատակով տրամադրված վերջնաժամկետն է: Ակնհայտ է, որ մարտյան դեպքերը բոլորովին ձեռնտու չէին իշխանություններին, թեպետ արմատական ընդդիմությունը ջանք չի խնայում համոզելու հասարակությանը եւ միջազգային կառույցներին, որ դրանց կազմակերպիչն իշխանությունն էր: Աժ նախագահը վերահաստատեց մարտյան իրադարձությունները ամբողջովին բացահայտված տեսնելու իր հաստատակամությունը եւ մեղավորներին` անկախ պաշտոններից, պատժելու անհրաժեշտությունը` բացառելով քաղաքական հայացքների համար մարդկանց դատապարտումը: Աժ նախագահը վստահեցրեց պարոն Համարբերգին, որ իշխանությունների համար շատ կարեւոր է բոլոր գործընթացների թափանցիկության ապահովումը, որպեսզի հասարակության համար ամեն ինչ պարզաբանվի: Այս հարցում նա կարեւորեց պարոն Համարբերգի աջակցությունը` նշելով, որ Հայաստանի իշխանությունների խնդիրը ժողովրդավարական բարեփոխումների շարունակումն է եւ Հայաստանը ժողովրդավարական երկրների շարքում տեսնելը: Համաներման կամ ներման հնարավոր որոշմանն անդրադառնալով` Աժ նախագահը նշեց, որ դատավարություններից առաջ նախագահի նման քայլը կարող է անհասկանալի լինել, որովհետեւ պարզ չէ, թե մարդը ինչի համար է ներվում, եթե բացահայտված չէ` ինչ հանցանք է գործել: Այնուհանդերձ` Հայաստանի իշխանությունները իրապես շահագրգռված են այս խնդիրն արագ կարգավորել, որովհետեւ բազում այլ խնդիրներ  կան` մասնավորապես համաշխարհային ‎ֆինանսական ճգնաժամը եւ դրա հետեւանքների հաղթահարումը, բարեփոխումների շարունակման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը, տարածաշրջանային անվտանգության ապահովումը: Լիովին պաշտպանելով ՀՀ նախագահի արտաքին քաղաքականությունը` պարոն Աբրահամյանը գտնում է, որ Աժ-ն պետք է նպաստի նաեւ ներքաղաքական խնդիրների լուծմանը` իր լիազորությունների շրջանակում: 

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, ով հատուկ այցով Հայաստանում է գտնվում   մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց վիճակը եւ դեպքերի կապակցությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով, նոյեմբերի 21-ին Ազգային ժողովում հանդիպեց 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, հանձնակատարի օգնական Բոյանա Ուրումովան եւ  ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

 Ողջունելով  փորձագետների փաստահավաք խմբի ստեղծումը` պարոն Համարբերգը կարեւորեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ խմբի փոխգործակցությունը: Նշվեց, որ խմբի գործունեւությունը կարեւոր օժանդակություն է   հանձնաժողովի աշխատանքներին,  քանի որ խմբում ընդգրկված են փորձագետ -իրավաբաններ:  Պարոն Համարբերգը կարեւոր համարեց նաեւ հասարակության վստահությունը փաստահավաք խմբի գործունեության նկատմամբ: Նշվեց, որ նման նախադեպեր եղել են տարբեր երկրներում, երբ  մի քանի հանձնաժողովներ ուսումնասիրել են միեւնույն իրադարձությունները: Հանձնակատարը կարծիք հայտնեց, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը  պետք է երկարաձգվի այնքան, մինչեւ փաստահավաք խումբը կավարտի իր աշխատանքները:

 Պարոն Նիկոյանը  կարեւորեց փաստահավաք խմբի ստեղծումը եւ  սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Նա ողջունեց ընդդիմության մասնակցությունը խմբի աշխատանքներին: Նշվեց, որ հանձնաժողովը հսկայածավալ աշխատանք է կատարել, մարտի 1-ի առավոտյան իրադարձությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկատվությունը ունի   եւ պատրաստ է այդ իրադարձությունների վերաբերյալ հստակ արտահայտել իր տեսակետը, սակայն քանի որ ստեղծվել է  փաստահավաք խումբ,  հանձնաժողովը նպատակահարմար է գտել  սպասել` չբացառելով այն հնարավորությունը,  որ փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում  կարող  է որեւէ  նոր փաստ ի հայտ գալ: Պարոն Նիկոյանը նշեց, որ դժվարություններ կան զոհվածների մահվան հանգամանքները պարզելու, ճշտելու  ուղղությամբ` ակնկալելով  այդ հարցում փաստահավաք խմբի օժանդակությունը:

 Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am